ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը:
«Ավտոգնացք»`
կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկների տեսքով.
«Արագության սահմանափակում»`
երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող, ինչպես նաև վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 69-րդ և 71-րդ կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, 3.24`«Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքով (տրամագիծը` առնվազն 160 մմ, եզրաշերտի լայնությունը` տրամագծի 1/10-ի չափով).
«Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»`
արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձնող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմի երկարությունը` 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը` 45 - 48 մմ).
«Երեխաների փոխադրում»`
երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 1.23` «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքով (կողմը` առնվազն 250 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով).
«Բութակներ»՝
բութակավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «ш» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը՝ առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը՝ կողմի 1/10-ի չափով).
«Երկարաչափ տրանսպորտային միջոց»`
բեռով կամ առանց բեռի 20 մ-ից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների (անկախ երկարությունից) հետևի մասում` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի, կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքով (չափերը` ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 մմ):
Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ-ից ոչ պակաս չափեր ունեցող երկու միանման նշաններ.
«Խուլ վարորդ»`
խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ).
«Մեծ եզրաչափերով բեռ»`
անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքով (չափերը` 400 x 400 մմ, զոլերի լայնությունը` 50 մմ).
«Վթարային կանգառ»`
լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող, գագաթը վերև ուղղված, սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 - 50 մմ):
Կանոնների 23-րդ կետում նախատեսված դեպքերում այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս.
«Վտանգավոր բեռ»`
վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքով` չափերը` 690 x 300 մմ, որի աջ մասը 400 x 300 մմ նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը` սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը` 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ.
«Ուսումնական տրանսպորտային միջոց»`
վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով):Թույլատրվում է երկկողմ նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին:
«Բժիշկ»`
բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում,վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքով (կողմը` 140 մմ, շրջանի տրամագիծը` 125 մմ, խաչի գծիկի լայնությունը` 25 մմ, բարձրությունը` 90 մմ).
«Հաշմանդամ»`
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում Վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել 8.17` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ):