Այն ինչ ներկայացված է ստորև, վերցված է կառավարության համապատասխան որոշումից, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Վարորդական իրավունքի որակավորման քննությունները վարորդի թեկնածուն հանձնում է անձամբ՝ երկու փուլով`
- տեսական քննություն` տեսական գիտելիքների ստուգում.
- գործնական քննություն
Նախապայմաններ
Տեսական և գործնական քննությունկարող է հանձնել 17 տարին լրացած ցանկացած անձ (Օրենք ճանապարահային երթևեկության անվտանգության ապահովման մասին՝ հոդված 17 կետ 4)։
Քննական մարմինները թույլ չեն տալիս անձին մասնակցել որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում (այդ թվում էլեկտրոնային):
Հիշեք՝
Որակավորման տեսական և (կամ) գործնական քննությունները պետք է հանձնել միևնույն քննական բաժանմունքում։
Վճարը
Տեսական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ։
Գործնական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 13000 ՀՀ դրամ։
Քննությունները բարեհաջող հանձնելու հետո պետք է վճարել 12000 ՀՀ դրամ՝ վարորդական իրավունքի վկայականի համար։
Վճարումները կարող եք անել քննական բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալներով կամ առկա բանկի մասնաճյուղերում։
Փաստաթղթերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD)։
Ինչ լեզուներով կարելի է քննություն հանձնել
Տեսական քննություններն անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն լեզուներով: